Մարդկանց մեծամասնությունը սպասում է այնքան, մինչև իրավիճակը դառնա ծայրահեղ անտանելի

Այսօր հավատ ունենալն ու հոգով մաքուր լինելն, իրոք, հազվագյուտ երևույթներ են։ Բոլորը չէ, որ հավատ ունեն գործնականում: Շատերն ամբողջությամբ կլանված են իրենց անձնական շահերով և չեն ապրում Աստծո պատգամներով։
Քանի որ այդպիսի անհատները չեն տեսնում Աստծո ներկայությունը, նրանք իրենց այնպես են պահում, կարծես թե Աստված չի տեսնում` ինչ են անում իրենք, ուստի քամահրանքով են վերաբերում հոգևոր խորհուրդներին:Այդպիսի մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենք իրենց զրկում են Աստծո օրհնությունից: Ուստի, տեղին են Պողոս առաքյալի խոսքերը. «Ոչ հոգևոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար և չի կարող հասկանալ, քանզի հոգևոր կերպով են քննվում դրանք» (Ա Կորնթացիս 2.14)։

Փրկիչն ուսուցանել է. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթեոս 5.8): Երբ մենք ճիշտ ենք ապրում և ձգտում ենք մաքրագործել մեր սրտերը, ավելի ենք մոտենում Աստծուն:
Մարդը պետք է սովորի իր կյանքում Աստծո ներկայության զգացումով ապրել, և այդ զգացումն, աստիճանաբար, կվանի նրա հոգուց հիվանդագին և չար մտքերը: Ակնհայտ փաստ է՝ մարդկանց մեծամասնությունը սպասում է այնքան, մինչև իրավիճակը դառնա ծայրահեղ անտանելի և հետո միայն ապավինի Աստծուն:Երբ կյանքը լի է վարդագույն երանգներով, մարդիկ Աստծո կարիքն այնքան էլ չեն զգում, սակայն, երբ իրավիճակը փոխվում է, նրանք հանկարծ գիտակցում են, որ հայտնվել են «անդունդում»:

Եթե մենք կարողանանք Աստծո սերն զգալ, կտեսնենք, որ բոլոր խնդիրները անհետանանում են, որովհետև Աստծո ներկայությունը մեզ հզոր և անպարտելի է դարձնում ցանկացած իրավիճակում:Երբեմն, խաղաղության պակասը մեր կյանքում Աստծո ներկայության բացակայությունից է գալիս. խաղաղությունը հնարավոր է դառնում, երբ Աստված ներկա է մեր կյանքում:

Մենք սկսում ենք կյանքին նայել Աստծո տեսանկյունից՝ քաջատեղյակ լինելով Նրա հավատարմությանն ու մեզ համար հոգ տանելու կարողությանը: Եվ ուրեմն՝ անկախ նրանից, թե ինչ է մեզ համար պատրաստել ապագան, մենք կարող ենք մեր հույսն Աստծո վրա դնել:Մեզանից շատերը Աստծուն կարող են ընկալել որպես «վերջին հույսի ապավեն», բայց, իրականում, Նա հենց միակ իրական հույսն է մեզ համար:

Ի տարբերություն մեզ՝ Աստված գիտի, թե ինչ է լինելու վաղը, հաջորդ շաբաթ կամ մյուս տարի: Նա ասում է. «Հիշե՛ք առաջինները ի հավիտենից, որովհետև Ես եմ Աստված, և ուրիշ աստված չկա»:Նա գիտի, թե ինչ է տեղի ունենալու աշխարհում, իսկ որ ավելի կարևոր է՝ Նա գիտի՝ ինչ է պատահելու մեր կյանքում և պատրաստ է մեր կողքին կանգնելու, եթե ընտրենք և ընդունենք Նրան՝ որպես մեր կյանքի միակ Տեր և Փրկիչ : Ուստի, ջանանք մաքրել մեր միտքն ու հոգին ամեն տեսակի աղտերից և փորձենք զորացնել մեր հավատը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ