Ամենաառողջ սրտեր ու զարկերակներ ունեցող մարդիկ Բոլիվիայի ցիմանե ազգությունն է, ըստ segodnya.ua-ի, պարզել են Նյու-Մեքսիկոյի համալսարանի գիտնականները:Ըստ գիտնականների տվյալների, նրանք բոլորից ավելի քիչ են բախվում սրտի հիվանդություններին, իսկ ցիմանեի 80-ամյա ներկայացուցչի զարկերակներն ավելի առողջ են, քան 55-ամյա ամերիկացունը:
Իրենց հետազոտությունների արդյունքները գիտնականները հրապարակել են The Lancet ամսագրում:
Ցիմանեն Բոլիվիայի հյուսիս-արևելքում գտնվող արևադարձային ու սավաննայի գոտու բնիկ բնակիչներ են: Հետազոտողները այցելել են ցիմանե 85 գյուղ և հետազոտել 40–94 տարեկան 705 մարդու:
Նրանց 85%-ին ընդհանրապես սրտի հետ կապված որևէ խնդիր չէր սպառնում: Միայն 13%-ի մոտ հայտնաբերվել էր սրտային հիվանդությունների ցածր, իսկ 3% -ի մոտ՝ չափավոր ռիսկ:
Միաժամանակ 6814 ամերիկացիների հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց կեսից ավելին ունի սրտային հիվանդությունների առաջացման միջին կամ բարձր ռիսկ:
Հետազոտողները ցիմանեի առողջությունը կապում են նրանց սննդի հետ: Նրանց ռացիոնը կազմված է 72% ածխաջրերից, 14% ճարպերից և 14% սպիտակուցներից:
Մինչդեռ միջին վիճակագրական ամերիկացին օգտագործում է 52% ածխաջրեր, 34% ճարպեր և 14% սպիտակուցներ: Բացի այդ, ցիմանեն շատ է շարժվում՝ նրանք գնում են որսի, ձկնորսության, հավաքում են մրգեր ու ընկույզ, անասուն պահում: Միջինը նրանք ոտքի վրա անցկացնում են օրվա մեջ 4–7 ժամ:
Գիտնականները միաժամանակ նշում են, որ հետազոտությունը ակնարկային է և չարժե հապճեպ եզրակացություններ անել: Չնայած սրտի համար օգտակար լինելուն ցիմանեի կենսակերպը ենթարկում է նրանց այլ ռիսկերի:
Այսպես, շատ տեղացի կանայք վարակված են մակաբույծ որդերով: Այնուամենայնիվ մասնագետները համակարծիք են, որ արդյունքները նորից ընդգծել են բջջանյութերով հարուստ մթերք ներառող դիետայի և ֆիզիկական ակտիվության օգտակարությունը:
Աղբյուր` Փաստինֆո