«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի` Ֆինիքս-Սքայ-Հարբորի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո ուղեւորը դուրս է ցատկել թռիչքուղու վրա: Այս մասին հայտնում է Fox News- ը:
Միջադեպը տեղի է ունեցել թիվ 1346 չվերթի ժամանակ, որը ուղևորվում էր Մինեապոլիսից (Մինեսոտա նահանգ) դեպի Ֆինիքս (Արիզոնա):
Ոստիկանության տվյալներով` 25-ամյա տղամարդը «տարօրինակ է պահել իրեն» թռիչքի ժամանակ: Մասնավորապես՝ նա դիպչել է մյուս ուղևորների դեմքերին, նրանց վրա անհայտ ծագման հեղուկ լցրել:
Ականատեսների խոսքով, տղամարդը նաև հայհոյել և հարվածել է մարդկանց:
Անձնակազմի անդամները կարգազանց ուղևորին տեղափոխել են ինքնաթիռի առաջամաս, որպեսզի նա առաջինը դուրս գա ինքնաթիռից:
«Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, ուղևորը բացեց ծառայողական դուռը և դուրս ցատկեց ինքնաթիռից», — տեղեկացրել է հեռուստաալիքը` վկայակոչելով ավիաընկերության տրամադրած տեղեկատվությունը:
Օդանավակայանի աշխատակիցները կանգնեցրել են տղամարդուն, ինչից հետո նրան ձերբակալել է ոստիկանությունը:
Այնուհետև նրան տեղափոխել են տարածքային հիվանդանոց՝ վնասվածքները բուժելու համար:
Նշվում է, որ միջադեպը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա: Մյուս ուղևորներից ոչ ոք չի տուժել:
Աղբյուր` Փաստինֆո