Հայ տղաներն ամաչկոտ են. Նրանք երբեք մեզ հետ չեն խոսում. Չինացի աղջիկներ

Հայաստան ժամանող ցանկացած ճամփորդ, երբ համացանցի որոնողական համակարգի օգնությանն է դիմում՝ հասկանալու ինչպիսի երկիր է՝ երբեմն արդյունքը կարող է սարսափեցնող լինել, հիասթափեցնող։ Հենց այդպես էլ պատահել է նաև Չինաստանից ժամանած Ուան Սզյանի և Կոն Յու Հանի հետ։

Նրանք Հայաստանում անցկացնում են իրենց ուսանողական պրակտիկան, և Հայկական պետական մանկավարժական համալսարանում դասավանդում են չինարեն ու «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում, որ համացանցից ստացած տպավորությունները կտրուկ փոխվել են Հայաստանում մի քանի օր անցկացնելուց հետո։

Նրանք Հայաստանում հասցրել են ձեռք բերել բազմաթիվ հայ ընկերներ, որոնք էլ աղջիկներին ծանոթացրել են հայկական մշակույթին, երաժշտությանը և նույնիսկ սովորեցրել մի քանի հայերեն բառ։

Հայաստանում ապրելու ընթացքում աղջիկների հետ մի շարք զվարճալի դեպքեր են տեղի ունեցել, բայց նրանք առանձնացրեցին հատկապես մեկը. «Կարծում եմ՝ ամենազվարճալին այն էր, որ քայլում էինք փողոցով և ինչ-որ մարդիկ մեզ բարևեցին՝ ասելով անյոնհասեո։

Իրականում դա կորեերեն է և մենք շատ զարմացած էինք։ Մենք էլ նրանց բարևեցինք՝ ասելով անյոնհասեո»,-նշեց Ուան Սզյան։

Աղջիկների համար հայերի հետ հաղորդակցվելու ընթացքում դժվարություններ չեն առաջացել, քանի որ իրենց խոսքով հայերը բավական լավ են կարողանում անգլերեն խոսել։

Նրանց կարծիքով հայ աղջիկները շատ գեղեցիկ են, տղաները ևս հմայիչ են, բայց անկեղծանում են՝ հայ տղաներն իրենց կարծիքով ամաչկոտ են.

«Նրանք երբեք մեզ հետ չեն խոսում»,-ասացին աղջիկները։
Նրանք շատ կցանկանային Նոր տարին անցկացնել Հայաստանում, սակայն դեկտեմբերի 31-ին պետք է վերադառնան Չինաստան։

Ավելի քան չորս ամիս Հայաստանում անցկացնելուց հետո աղջիկները հույս ունեն, որ մի օր նորից կվերադառնան Հայաստան կա՛մ որպես ճամփորդ, կա՛մ էլ որպես ուսուցիչ։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ