Ինչ է ցիստիտ հիվանդությունը և ինչպես այն բուժել…

Ցիստիտը միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է, որը ծանոթ է գրեթե յուրաքանչյուր երկրորդ կնոջը: Հիվանդության հիմնական ախտանշաններն են որովայնի ստորին հատվածի ցավը և հաճախակի ու ցավոտ միզարձակությունը:

Այն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ, ինչը պայմանավորված է կանանց օրգանիզմի կառուցվածքային առանձնահատկություններով: Բանն այն է, որ կանանց միզուկը շատ ավելի կարճ է ու լայն, քան տղամարդկանց միզուկը:

Բացի այն, որ այս հիվանդությունն ունի կրկնվելու և սրվելու հակվածություն, այն նաև առաջացնում է շատ տհաճ ախտանշաններ, իսկ ոչ պատշաճ բուժված ցիստիտը կարող է ձեռք բերել քրոնիկական բնույթ: Բացի այդ, այն բարձրացնում է նաև պիելոնեֆրիտի (երիկամների վարակիչ բորբոքային հիվանդություն) առաջացման հավանականությունը: Սա է պատճառը, որ միզապարկի լորձաթաղանթի բորբոքման ժամանակ հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Մեծ մասամբ ցիստիտի հարուցիչը լինում են E. Coli բակտերիաները կամ աղիքային ցուպիկը, սակայն այն կարող է պայմանավորված լինել նաև այլ հարուցիչներով: Սա է պատճառը, որ ցիստիտի բուժումն ու անհրաժեշտ դեղամիջոցները պետք է նշանակի միայն մասնագետը և միայն պատշաճ բուժզննումից հետո:

Բացի այդ, հարկավոր է հաշվի առնել նաև այն փաստը, որ ցիստիտի առաջացմանը կարող են նպաստել այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են շաքարային դիաբետը, միզաքարային հիվանդությունը, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները և սեռավարակները, ինչը նշանակում է, որ հարկավոր է համալիր բուժում:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր երրորդ կնոջ մոտ ցիստիտը բուժումից հետո կրկնվում է մեկ տարվա ընդացքում: Ոմանց մոտ այն նույնիսկ կրկնվում է մի քանի անգամ:

Հաճախ նման բարդացումը պայմանավորված է լինում նրանով, որ բուժման ընթացքում հիվանդն ազատվում է ախտանշաններից, սակայն ոչ հիվանդությունից ու դրա առաջացման պատճառներից:

Որպես կանոն՝ ցիստիտի բուժումն իրականացվում է հակաբիոտիկների միջոցով, սակայն միայն այս դեղամիջոցների ընդունումը չի պաշտպանի հիվանդության կրկնությունից:

Այս դեպքում հարկավոր է ֆիտոթերապիա, որը կկանխի ռեցիդիվները: Բացի այդ, հարկ է հիշել, որ բուժումը պետք է լինի ամբողջական կուրսով և չպետք է ընդհատվի ախտանշանների անհետանալու դեպքում:

Բուժումն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար խորհուրդ է տրվում հիվանդության սուր ընթացքի ժամանակ խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հրաժարվել ալկոհոլից և բացառել կծու ու աղի սնունդը: Բացի այդ, շատ կարևոր է նաև բավարար քանակությամբ (2-3 լիտր) հեղուկ ընդունելը: Լավագույն տարբերակը կլինի մաքուր չգազավորված հանքային ջուրը կամ լոռամրգի մորսը:

Շատ մեծ նշանակություն ունեն նաև դեղաբույսերը, որոնք կարելի է օգտագործել ինչպես եփուկների, այնպես էլ պատրաստի հյութահանուկների տեսքով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ