Անցյալ շաբաթ տոնում էինք սկեսուրիս ծննդյան օրը: Նրան մեր ընտանիքի կողմից մուլտիեփիչ նվիրեցինք, որի մասին սկեսուրս վաղուց էր երազում: Իսկ մայրիկս նեղացավ, որ իրեն շնորհավորելու էի գնացել միայն հաջորդ օրը:Մայրիկս չի ուզում ընդունել, բայց իմ ու նրա հարաբերություններն իսկապես բարդ են: Սկեսուրիս հետ ավելի մտերիմ ու ջերմ եմ, քան նրա:
Մանուկ հասակում շատ էի զգում մորս ուշադրության կարիքը, բայց ստիպված եմ եղել սովորել ապրել առանց դրա, առանց մայրական օգնության ու աջակցության: Նա միշտ ինձանից ավելի կարևոր գործեր ուներ, և մորս դաստիրակությունը կայանում էր հետևյալում. երեկոյան ստուգում էր դասերս և բարկանում, եթե որևէ գործ չէի արել:Իմ ոչ մի հանդեսին, մրցույթին մայրս ներկա չի եղել: Միակ պաշտպանս տատիկս էր, բայց նա վաղուց չկա:
Համալսարան չկարողացա ընդունվել անվճար ուսուցման, և մայրս հրաժարվեց վճարել վարձս: Ստիպված եղա դպրոցից հետո 1 տարի աշխատել, գումար հավաքել, որ կարողանամ վճարել առաջին կուրսի վարձը: Հետո աշխատում էի երեկոյան ժամերին, որպեսզի երկրորդ կուրսի վարձը հավաքեմ:
Երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում ծանոթացա ապագա ամուսնուս հետ: Մենք շատ քիչ էինք հանդիպում, երբ նա տարավ ինձ իրենց տուն՝ ծնողների հետ ծանոթացնելու: Ես այդ օրը առաջին անգամ զգացի, թե ինչ է նշանակում ընտանեկան ջերմություն:
Սկեսուրս ինձ գրկաբաց ընդունեց: Նա ինձ հաճախ էր զանգում, կանչում իրենց տուն, մինչ ընկերս աշխատանքի էր: Ինձ իր պատրաստած համեղ ուտեստներից էր հյուրասիրում, զրուցում էինք, կիսվում, պատմում: Նրա հետ այնքան լավ էր. կարծես հարազատ մայրս լիներ:
Արդեն 6 տարի է, ինչ ամուսնացած եմ: Թեպետ ամուսնուս ծնողներից առանձին ենք ապրում, միևնույնն է, շատ մտերիմ ենք, հաճախ ենք հնադիպում: Իսկ մայրս հիմա այլևս առաջվանը չէ, տարիքն իրենն անում է: Ու հիմա հիշել է, որ դուստր ունի: Իսկ ես չեմ կարողանում նրա հետ լավ հարաբերություններ ունենալ, որովհետև մանկությանս դառը հուշերը թույլ չեն տալիս:
Մորս ու սկեսուրիս տարեդարձը նույն օրն է: Ու անցյալ շաբաթ ես ամուսնուս ու որդուս հետ միասին գնացի սկեսուրիս շնորհավորելու, իսկ մորս տուն հաջորդ օրը գնացի: Նա նեղացած էր. ասաց, որ իր կոլեգաներն ու ընկերուհիներն էին եկել, ու բոլորը հետաքրքրվում էին, թե ես ինչու ներկա չեմ:
Այսինքն նա անհանգստանում է նրա համար, թե ինչ կմտածեն ուրիշները: Նրան հետաքրքիր չէ, թե ես ինչու եմ ընտրել սկեսուրիս, այլ ոչ թե իրեն:Անկեղծ ասած, շատ բարդ է: Բայց կյանքում այսպես էլ է լինում. լրիվ օտար մարդը կարող է փոխարինել անգամ ամենահարազատին: