Երբեմն կյանքը շատ դաժան ու անարդար է վարվում։ Ծնող են դառնում անարժանները, իսկ ծշատ
արժանավորներ այդես էլ չեն լսում այդքան բաղձալի բառերը․ մամա, պապա։ և Սա իրական պատմություն
է, որը տեղի է ունեցել Ճապոնիայում:
Տոկիոյում լույս տեսնող թերթերից մեկում հրապարակվեց հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը.
«Վաճառվում են ծնողներ. հայրը՝ 70 տարեկան, մայրը՝ 65 տարեկան: Գինը՝ 1000 իեն և ոչ մի իեն պակաս»:
Այս տարօրինակ հայտարարությունը բուռն քննարկումների տեղքի տվեց, բոլորը հուզված ու վրդովված
ասում էին․ «Այս ո~ւր ենք հասել, այս ի~նչ ժամանակներ ու բարքեր են, արդեն զավակները վաճառում են
ծնողներին»:
Ոմանք էլ ավելացնում էին. «Ինչպե՞ս են իշխանությունները նման բան թույլ տալիս»:Հայտարարությունը
քննարկվում էր տներում և փողոցներում, քննադատվում ամենքի կողմից, սակայն շատ քչերը որոշեցին
իմանալ իրականությունը։
Հայտարարությունն ընթերցեցին նաև երիտասարդ ամուսիններ, ովքեր ոչ վաղ անցյալում կորցրել էին իրենց սիրելի ծնողներին ավտովթարի հետևանքով: Նրանք ծանր էին տանում իրենց մեծ կորուստը, և ինչ-որ
մեկի ցանկությունը՝ վաճառել ծնողներին, նրանց կարծիքով սրբապղծություն էր:
Նրանք լավ էին պատկերացնում, թե ինչ կարող էին զգալ նման իրավիճակում գտնվող դժբախտ ծնողները,
ինչ կարող էին ակնկալել ապերախտ զավակներից: Ամուսիններն իսկույն որոշեցին ազատագրել ու գնել
տարեց մարդկանց և սիրով շրջապատել նրանց:
Վերցնելով անհրաժեշտ գումարը, նրանք գնացին հայտարարության մեջ նշված հասցեով: Երբ տեղ հասան,
տեսան մի շքեղ առանձնատուն՝ ամբողջովին շրջապատված բազմապիսի ծաղիկներով ու թփերով:
Կարծեցին, թե հայտարարության մեջ սխալ հասցե էր նշված, և այնուամենայնիվ, որոշեցին զանգահարել:
Դուռը բացեց տարեց մի մարդ՝ հաճելի ժպիտով:
Զույգը պատմեց հայտարարության մասին, նաև այն մասին, որ իրենք կորցրել էին իրենց ծնողներին, և
այժմ, կարդալով ազդը, որոշել էին գնել տարեց զույգին և խնամել նրանց: Նրանք ներողություն հայցեցին
տարեց տղամարդուց՝ անհանգստություն պատճառելու համար, քանզի, ըստ երևույթին, սխալ հասցեով էին եկել:
– Ոչ, չեք սխալվել, հասցեն ճիշտ է: Ներս եկեք, հիմա կկանչեմ տիկնոջս, – հրավիրեց հուզված տղամարդը:
Նա հեռացավ և շուտով վերադարձավ կնոջ հետ: Նրանք պատմեցին.
– Մենք այս տան տերերն ենք, նաև արժեքավոր այլ ունեցվածք ունենք: Զավակներ չունենք և
կցանկանայինք, որ մեր ամբողջ կարողությունն անցներ արժանի ու լավ մարդկանց, ահա և այդպիսի
հայտարարություն տարածեցինք:
Մտածեցինք, որ հայտարարությանը կարձագանքի միայն արժանավոր մարդը: Ճիշտն ասած, կասկածում
էինք, որ նման ապրանքի գնորդ կհայտնվի: Ձեր ցանկությունը ձեզ մեծ պատիվ է բերում, իսկ մեզ՝ մեծ
ուրախություն պատճառում: Համոզված ենք, որ դուք հենց այն մարդիկ եք, ում կարող ենք թողնել մեր
ունեցվածքը: