Այնպես ստացվեց, որ ես ու որդիս պիտի որոշ ժամանակ ապրենք սկեսուրիս հետ։ Այս շրջանն ինձ համար իսկական փորձություն է։Ի սկզբանե մենք առանձին էինք ապրում՝ 1 սենյականոց բնակարանում։ Բայց երեխաս մեծանում է, նրան սենյակ է պետք, և մենք սկսեցինք մտածել ավելի մեծ տուն գնելու մասին։
Շատ անսպասելի վաճառեցինք մեր բնակարանը՝ բավականին բարձր գնով։ Ամուսինս էլ առաջարկեց, որ մենք մնանք սկեսուրիս տանը, մինչ ինքը մի քանի ամսով կմեկնի ՌԴ, կաշխատի, և մենք մեծ բնակարան կգնենք։ Սկեսուրս դեմ չէր, ես էլ համաձայնեցի։Սկզբում ամեն ինչ լավ էր։ Ես ու սկեսուրս ամբողջ օրն աշխատանքի էինք, որդիս էլ մանկապարտեզում։ Երեկոյան ես անում էի տան գործերը, սկեսուրս էլ հեռուստացույց էր դիտում, հանգստանում, երեխայի հետ խաղում։ Բայց 2 ամիս անց իսկական սարսափ սկսվեց․ նկատեցի, որ որդիս անընդհատ ընկնում է, ինչ-որ տեղ հարվածում գլուխը, կկոծում է աչքերը։
Դիմեցինք բժիշկի։ Պարզվեց երեխաս լուրջ տեսողական խնդիրներ ունի։ Մեզ արգելեցին հեռախոս, հեռուստացույց, պլանշետ՝ առնվազն 3 ամսով։
Բժիշկը մի աչքին վիրակապ դրեց, իսկ մյուս աչքի համար վարժություններ նշանակեց։ Ճանապարհին որդուս ասացի, որ պլանշետը փչացել է, հայրիկը նորը կբերի, իսկ հեռախոսս իրեն բոլորովին հետաքրքիր չէ։ Այնպես որ խնդիրներ պիտի չլինեին։Բայց այդ օրվանից սկսվեցին սկեսուրիս հետ մեր խնդիրները․ նա կտրականապես հրաժարվում է անջատել հեռուստացույցը՝ երեխայիս արթուն ժամանակ։
Ասում է, ոչ մի բան չի լինի, եթե կես ժամ մուլտֆիլմ դիտի։ Որդուս տանում եմ սենյակ, նրա մոտ հիստերիա է սկսվում, որ թույլ չեմ տալիս գնալ հեռուստացույցի մոտ։ Ես էլ սկսում եմ նրա հետ արտասվել․․․Արդեն 2 շաբաթ է, ինչ մինչև ուշ ժամ որդուս հետ զբոսնում եմ դրսում, որ գանք և շուտ քնի։ Հիմա անհամբեր օրերն եմ հաշվում, թե երբ ենք գնելու մեր տունը և հեռանալու այստեղից։ Պարզապես ցավալի է, որ հեռուսատցույցը թոռան առողջությունից կարևոր է․․․