Դերասանուհի Անի երանյանը զրուցել է Bravo.am-ի հետ, նաև տրամարդրել նոր լուսանկարներ։
Երազանքների մանկություն եմ ունեցել: Մեծացել ու դաստիարակվել եմ մեծ սիրո ու ուշադրության միջավայրում: Կոնկրետ որեւէ պատմություն հիմա չեմ մտաբերում, որ պատմեմ, բայց այն, որ իրոք անհոգ եւ գեղեցիկ է եղել մանկությունս, կարող եմ վստահ ասել:
«Չհասկացան, որ դա պարզապես լռություն է»
Պատանեկան տարիներին ավելի հաճախ էի լսում, որ գոռոզ եմ եւ մեծամիտ: Դժվար թե անծանոթ մարդիկ տեսնեին ինձ ժպտալիս, բայց մինչ օրս չհասկացան, որ դա պարզապես լռություն է, այլ ոչ թե գոռոզություն: Դպրոցում ուսուցիչներիս կողմից սիրված եմ եղել, ընկերասեր ու աշխույժ:
Թեեւ շփման մեջ բաց էի, բայց միեւնույն ժամանակ քիչ մարդկանց էի մոտ թողնում ինձ: Հիմա ավելի կամակոր եմ. գուցե ավելի շատ եմ ժպտում, գուցե. չգիտեմ:
Անի Երանյան
Կամակորը
Ինչպես իմ կյանքի յուրաքանչյուր փուլ, կարիերայի փուլը եւս չսպասված էր, բայց սկսվեց աշխույժ, գեղեցիկ ու դեռ պահպանվում է:
Արդեն 12 տարի է անցել, բայց իմ սերը նրա եւ նրա սերն իմ հանդեպ անդավաճան է: Փորձել եմ զբաղվել այլ բանով, փորձել եմ բավական մեծ դադար վերցնել, բայց կամակորը չի թողնում. սիրում է ինձ անդավաճան սիրով, ես էլ՝ նրան:
Գայթակղությանը չտրվելու համար
Դժվարություններն ամենուր են, բայց յուրաքանչյուրին տրվում է այնքան դժվարություն, որքանի ուժ ունի նա: Եվ գուցե մի պահ քեզ թվում է՝ էլ ուժ չունես, որ ուզում ես ամեն ինչի վրա խաչ քաշել, եւ մեկ էլ գերբնական մի գնդաձեւ ուժ գլորվում է եւ քանդում յուրաքանչյուր ցավ, դժվարություն, հիասթափություն եւ բացում նոր մեծ տարածք, որը քոնն է, ու դու պիտի կառուցես նոր սեր, նոր հույս ու ապրեցնես քեզ:
Անցյալդ ամեն անհարմար պահի փորձում է ներխուժել քո կյանք, բայց պիտի ուժեղ լինես, որ չտրվես նրա գայթակղությանը: Ջարդվածը հավաքելն իմը չէ: Երբ դժվարությունից, ցավից չես վախենում, այլ ժպիտով կռիվ ես տալիս, նա հետ քայլ է անում:
Անի Երանյան