Դու ինձ միշտ ասում էիր, որ երկար մազերով լավ տեսք չունեմ, ու քեզ դուր են գալիս կարճ սանրվածքով աղջիկները։ Ու դրա համար էլ ես դրանք ամեն ամիս կտրում էի, որ մինչ ուսերս հասնեն, ոչ ավել։Դու ծիծաղում էիր ինձ վրա՝ ասելով, որ հիմար տեսք ունեմ, երբ մազերս վերջապես համարձակվել էի կարմիր ներկել։ Ի վերջո մի շաբաթից վարսերս նորից սև ներկեցի։
Դու մատնանշում էիր, որ շատ եմ շպարվում, թեպետ միայն շրթներկ ու տուշ էի օգտագործում։ Ժամանակի ընթացքում դադարեցի դիմահարդարվել։
Դու ասում էիր, որ փիրսինգը գռեհիկ ու զզվելի տեսք ունի։ Ու դրա համար էլ ես հրաժարվեցի քթիս փիրսինգից, չնայած, որ 5 տարի երազում էի դրա մասին։
Ես անում էի ամեն ինչ, որ դառնամ այն աղջիկը, ում դու ցանկանում էիր տեսնել քո կողքին։ Բայց քեզ դա էլ քիչ էր։ Արդյունքում դու ինձ լքեցիր ու գնացիր ուրիշի մոտ։ Բայց եթե մնայիր, կշարունակեիր ինձ վերածել այլ մարդու։
Մի քանի ամիս առաջ ես ինձ մեղադրում էի կատարվածի համար, դու նույնպես ինձ էիր մեղադրում՝ ասելով, որ ես եմ մեր բաժանման պատճառը։ Ի վերջո ես սկսեցի տեսնել իրականությունը։ Դու իմ մարդը չէիր։ Ես քոնը չէի։
Ես այն մարդը չեմ, ով բավարար լավն է քեզ համար։ Իսկ դու միակն էիր, ով բավական լավն էր ինձ համար։ Դու չէիր կարողանում ընդունել ինձ, իմ իսկական ես-ը, իսկ ես կարողացա ընդունել քեզ․․․
Բայց հիմա այսքան ժամանակ անց շնորհակալ եմ քեզ, որ հեռացար ինձանից, գուցե ես ինքս երբեք չհամարձակվեի անել դա։
Ես հիմա ազատ եմ, ապրում եմ, շնչում եմ, ուտում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, ու ոչ մեկ ամեն րոպե չի հիշեցնում այն մասին, որ այդպես կգիրանամ։Այլևս ոչ ոք չի հիշեցնում, որ մաշկիս կան զոլեր ու անհարթություններ, ու ես ստիպված չեմ ամեն կերպ կոծկել դրանք։
Հիմա մազերս կարմիր են, ուսերիցս ներքև, փիրսինգս իր տեղում է, ու ես քիչ-քիչ վերադարձնում եմ ինքնավստահությունս։
Ես վերջապես տեսնում եմ ինձ, երբ նայում եմ հայելու մեջ։ Այնտեղ ես եմ, այլ ոչ թե ուրիշ աղջիկ, ում կերտել է մի կողմնակի տղամարդ։
Ինձ համար դժվար է այս ամենի մասին խոսելը, բայց պիտի խոստովանեմ, որ մի տղայի պատճառով դարձել էի խոցելի։
Նույնիսկ ամաչում եմ մտածել այն մասին, թե որքան էի ընկել, ինչի էի վերածվել, բայց կարևորը՝ կարողացել եմ վերադառնալ ու նորից դարձել եմ իսկական․․․ Երբեք թույլ չեմ տա նույն սխալը․․․