Առավոտյան նստել եմ ավտոբուս։ Լիքն է, տեղեր չկան։
Նկատում եմ, որ կին է բարձրանում՝ մոտ 12-13 տարեկան մի տղայի հետ։ Նրանք կանգնում են մի երիտասարդ տղայի դիմաց։ Երիտասարդը հանգիստ նստած էր, ավելի կոնկրետ՝ քնած։
Այնուհետև հետևյալ երկխոսությունն է սկսվում, երբ տղայի մայրը ձեռքով հրում է նստած տղային։—Խնդրում եմ, երեխային տեղ զիջեք, չի կարող երկար կանգնել։
Երիտասարդը մի կերպ բացում է այտուցված աչքերը ու փորձում հասկանալ, թե իրենից ինչ են ուզում։ Նա դիմում է տղային․
_Դու երկու տեղ աշխատու՞մ ես։
—Չէէ․․․ -զարմացած պատասխանում է տղան։
—Դու սովորու՞մ ես 8.30 մինչ 17.30։
—Չէ, մինչև ժամը 1-ն են դասերս։
—Դու օրական 4 ժա՞մ ես քնում։
Տղան էլի բացասական պատասխան է տալիս։
—Դե որ այդպես է, կանգնիր, ինձ էլ հանգիստ թող, պիտի քնեմ։
Ուղևորները ակամա ժպտացին, իսկ մայրը քթի տակ ինչ-որ բան մրթմրթաց։