Ես աշխատում եմ մեծ ընկերությունում, ու մի տարօրինակ աշխատակից ունենք։ Նարեկը աշխատանքի է գալիս անփոփոխ դժգոհ դեմքի արտահայտությամբ։ Ամեն օր նրա մոտ ամեն ինչ վատ է․ կյանքը ահավոր վատն է։ Բայց մեղքը իրենը չէ, այլ կնոջինը, քանի որ հոգ չի տանում իր ու տան մասին։
Անգամ պատահել է, որ թափթփված տան կամ կեղտոտ ափսեների լուսանկաներ է ցույց տվել։ Երբ նա ինձ ստիպեց նայել դրանք, ծիծաղս եկավ։ Հա, անթերի հավաքված չէ, բայց եթե նա տեսներ, թե ինչ է կատարվում իմ տանը 3 երեխաներիս 1-ժամանոց խաղից հետո, ուշագնաց կլիներ։
Մի օր որոշեցի խոսել նրա հետ ընդմիջման ժամին։
—Նարեկ ջան, ինչու՞ ես նորից թթված դեմքով, -կիսածիծաղելով ասացի նրան։
—Դե, իսկ ի՞նչ անեմ։ Երբ գնում եմ տուն, կարծես նռնակ պայթած լինի։ Կինս թքած ունի ամեն ինչի վրա, բայց որ նոր էինք ամուսնանում, այդքան փնթի չէր։
—Փնթի՞։ Բայց ես տեսել եմ լուսանկարները, այնքան էլ սարսափելի վիճակում չէ տունդ։ Փոքր երեխա ունես, չէ՞։
—Հա, 3 տարեկան է, բայց հետո ինչ։ Ես համարում եմ, որ եթե կինը տանն է նստած, ուրեմն պիտի հասցնի հավաքել ու մաքրել ամեն ինչ։ Թե չէ էլ ի՞նչ է նա անում այնտեղ։
—Իսկ դու երբևէ փորձե՞լ ես մի ամբողջ օր անցկացնել երեխայիդ հետ։ Հավատա, դու կարող ես 15 անգամ հավաքել տունը, բայց քիչ անց էլի նույնն է լինում։
—Ոչ, չեմ մնացել ոչ մի անգամ։ Երբ կինս համալսարան է գնում, նրա մայրն է գալիս։
—Վայ, ուրեմն քո կինը նաև սովորում է։ Ընդհանրապես տարօրինակ չէ, որ նա չի հասցնում ամեն ինչ։ Համաձայնիր, որ հեշտ չէ սովորել, տան գործեր անել ու հետն էլ փոքր երեխա պահել։ Փոխանակ օգնես նրան, լուսանկարում ես քո թափթփված տունը։
Զգացի, որ Նարեկը ամաչեց։ Հույս ունեմ, որ նրա ուղեղին կհասնի, որ կանայք սուպերհերոսներ չեն, ու նրանք էլ հաճախ չեն հասցնում, հոգնում են ու ունենում են օգնության կարիք։