Ուզում եմ իսվել իմ պատմությամբ ու խորհուրդ հարցնել. ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն:
Մենք ընտանիքում երկու երեխա ենք եղել: Քույրս ինձանից 3 տարով փոքր է, բայց ես վստահ եմ, որ մայրիկս նրան միշտ ավելի շատ է սիրել: Քրոջս միշտ օրինակ էր բերում՝ ասելով, որ նա լավ է սովորում, ճաշակ ունի, տան գործեր է կարողանում անել:
Իսկ ինձ միշտ վարկաբեկում էր:Մանկուց մայրս համոզում էր ինձ, որ ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ: Ինձ հաճախ տանում էր հիվանդանոցներ, իսկ երբ բժիշկն ասում էր, որ լիովին առողջ եմ, դուրս էինք գալիս կաբինետից ու մայրս սկսում էր պատմել, որ վատ բժիշկ է, ոչինչ չի հասկանում, ինձ չի ուզում բուժել:
Ինձ տանում էր բախտագուշակների, հեքիմների մոտ, խոտաբույսերով թուրմեր ստիպում խմել, որոնցից սիրտս խառնում էր:Դպրոցից հետո մայրս ստիպում էր, որ իր հետ աշխատեմ ձեթի արտադրամասում, իսկ ես ուզում էի սովորել: Նա գոռում էր, որ ես ոչինչ չեմ կարողանա անել, որ ինձ նման հիմարները ոչ մի բանի չեն հասնի: Իսկ ես ընդունվեցի մանկավարժական համալսարան, անվճար սովորեցի…
Ուսանող ժամանակ էլ ծանոթացա ապագա ամուսնուս հետ: Արդեն 5 տարի է, ինչ ամուսնացած ենք: ՈՒնենք մեր բնակարանը, երկուսս էլ աշխատում ենք, մեր 4 տարեկան տղան մանկապարտեզ է հաճախում: Ինձ մոտ ամեն ինչ հեքիաթային կլիներ, եթե մայրիկս վերանար իմ կյանքից:
Նա շարունակ պնդում է, որ ամուսինս դավաճանում է, նորմալ չի աշխատում, քանի որ աշխատավարձից աշխատավարձ ենք ապրում:Մեր բոլոր բարեկամներին ու ծանոթներին նա պատմում է, որ ամուսնալուծության եզրին ենք կանգնած, որ շուտով կբաժանվենք, իսկ ինձ էլ գործից դուրս կշպրտեն:
Վերջերս իմացա, որ հղի եմ: Իմ ու ամուսնուս ուրախությանը չափ ու սահման չկար, իսկ երբ պատմեցի մորս, նա սառը տոնով ասաց, որ երկու երեխաների չեմ կարողանա միայնակ մեծացնել…
—Մեկին արդեն քո պես հիմար ես դարձրել, երկրորդն ինչի՞դ է պետք…
Այնքան խորը ապրումների մեջ եմ ընկնում նրա պատճառով, իսկ ամուսինս արդեն բարկանում է, ասում է, որ դադարեցնեմ մորս հետ շփումը՝ գոնե մինչ ծննդաբերությունս:
Իսկ ես չեմ կարողանում, բայց ոչ էլ ի զորու եմ սրտիս մոտ չընդունել նրա խոսքերը: