Ծնողները որդու համար լավ դպրոց էին փնտրում… Առավոտյան պապիկը թոռանը տարավ այնտեղ…

Ծնողները որդու համար ուզում էին լավ դպրոց գտնել: Վերջապես նրանք ընտրեցին մեծ ու նոր կառուցված դպրոց, որտեղ աշխատաող ուսուցչուհին նրանց շատ դուր եկավ:

Առավոտյան պապիկը թոռնիկին տարավ դպրոց: Երբ հասան բակ, նրանց շրջապատեցին աշակերտները:

—Ինչ ծիծաղելի պապիկ է… — բարձր ձայնով ասաց տղաներից մեկը:
—Հեյ, փոքրիկ չաղլիկ, պապիկիդ հետ ես եկել… -լեզու հանեց մյուսը:

Երեխաները գոռգոռում էին ու վազվզում պապիկի ու թոռան շուրջը: Այդ պահին ուսուցչհուհին հայտարարեց դասի սկզիբը, ու բոլորը վազեցին ներս: Պապիկը բռնեց թոռան ձեռքից ու հեռու տարավ:

—Պապիկ, չե՞մ գնալու դպրոց:
—Գնալու ես, տղաս, բայց ուրիշ դպրոց, որը ես ինքս կգտնեմ:

Պապիկը երեխային տարավ տուն, թողեց տատիկի մոտ, իսկ ինքը գնաց դպրոց փնտրելու:

Որոշ դպրոցներում իրեն ուղղակի չէին նկատում, մի տեղ ծաղրում էին, մի տեղ հրում: Տարեց մարդը լուռ հեռանում էր: Վերջապես նա մտավ մի հին դպրոցի բակ ու հոգնածությունից հենվեց պատին: Երբ հնչեց զանգը, երեխաները վազեցին բակ: Հանկարծ նրանցից մեկը մոտեցավ պապիկին.

—Վայ, ձեզ ի՞նչ է պատահել, լավ չե՞ք զգում:
—Եկեք, այստեղ նստարան կա…

Աշակերտները բռնեցին պապիկի ձեռքից, նստեցրին, ջուր բերեցին: Երբ ուսուցչուհին տեսավ այդ ամենը, նույնպես մոտեցավ ու հետաքրքրվեց, արդյո՞ք կա իր օգնության կարիքը:

—Վերջապես թոռնիկիս համար լավ դպրոց գտա, լավագույն դպրոցը:
—Պապիկ ջան, մեր դպրոցը դժվար թե լավագույնը լինի: Տեսեք, ինչ հին է, փոքրիկ:
—Ուսուցչին ու դպրոցը ճանաչում են՝ աշակերտներին նայելով… Սա է լավագույն դպրոցը…— ասաց պապիկը ու գնաց թոռան հետևից: