Առաջնեկի մանկությունն ավարտվում է այն ժամանակ, երբ լույս աշխարհ է գալիս երկրորդ երեխան: Այդ պատճառով ծնողները, որոնք պատրաստվում են երկրորդ երեխայի պլանավորմանը, պետք է հիշեն, որ առաջնեկի համար այդ իրավիճակն ավելի շատ դրամատիկ է, քան ուրախալի, քանի որ ավագի դերը նման իրավիճակում կտրուկ փոխվում է, իսկ պահանջներն ու պարտականությունները՝ ավելանում:
Կրտսերը, ընդհակառակը, զերծ է նման դրամատիկ կարգավիճակից, նա գտնվում է ուշադրության կենտրոնում, նրանով հիանում են, շատ իրավիճակներում ներողամիտ են, քան առաջնեկի դեպքում:
Հիմնական խնդիրները, որ առաջանում են երեխաների փոխհարաբերություններում, խանդն է ավագ-կրտսեր կամ կրտսեր-ավագ կարգավիճակում, վեճերը՝ տարբեր իրերի պատկանելության հաստատման շուրջ, սեռադերային կոնֆլիկտները:
Առհասարակ, ինչպիսի խնդիր էլ որ առաջ գա, այդ ամենն արվում է ծնողների կողմից ուշադրություն կորզելու, հուզական աջակցություն ստանալու և հակառակորդ համարվող քրոջ կամ եղբոր հանդեպ գերակայություն հաստատելու համար:
Սակայն նման խնդիրներ կարող են հազվադեպ ծագել, եթե ծնողները պարբերաբար չկատարեն դաստիարակչական և վարքաշտկման որոշ սխալներ:
Որպես կանոն, երկրորդ երեխայի ներկայությունն առաջնեկի կողմից կարող է ընկալվել շատ դրական և սիրառատ, եթե ծնողը բաշխի իր ուշադրությունն ու սերը ոչ թե հավասար, այլ ճիշտ:
Առաջնեկը կրկնակի սթրես է տանում, մեծանում են պահանջները նրա հանդեպ, նա հիմա մեծ է, պետք է ուշադիր լինի: Արվում են այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսիք են՝ «Դու մեծ ես, պետք է զիջես: Տուր նրան քո խաղալիքը, մի եղիր այդքան եսասեր»:
Յուրաքանչյուր գիտակից և բանիմաց ծնող, նման իրավիճակներից խուսափելու և շտկելու համար սեփական վարքն ու մոտեցումը տարբեր տարիքի երեխաների հետ, պետք է ինքն իրեն տա հետևյալ հարցերը.
Իր աղջկա կամ տղայի կյանքում ի՞նչն է ամենակարևորը,
Ամենաշատն ինչի՞ կարիք ունի նրանցից յուրաքանչյուրը:
Հոգեբաններն այս հարցին կպատասխանեն, որ ամենակարևոր բանը դա ծնողական սերն է, հուզական ջերմությունն ու ապահովությունը: Սակայն ծնողների մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս արտահայտել այդ սերը այնպես, որ երեխան զգա դա, սակայն չչարաշահի և չդառնա ինքնասիրահարված եսասեր:
Հոգեբանները խորհուրդ են տալիս արտահայտել սերը հետևյալ կերպ.
1.Որքան հնարավոր է՝ ջերմ խոսքեր ասեք երեխային. որ իր հետ լավ եք զգում, ուրախ եք իրեն տեսնել, լավ է, որ նա եկավ, որ ձեզ դուր է գալիս, թե ինչպես է նա…, ինչ լավ է, որ նա կա:
Անպայման գրկեք նրան, դիպչեք: Մարմնական կոնտակտը հանգստություն, ապահովություն և հուզականություն է հաղորդում երեխային, ինչը չես փոխարինի խոսքերով:
Հոգեբանները նաև կարևորում են հետևյալ քայլերն ու մոտեցումները.
2.Երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն պես առաջնեկին ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացրեք:
3.Երեխաների հետ շփումը կազմակերպեք անհատական: Շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ առանձին երեխաներից մեկի հետ գնացեք զբոսնելու, խոսեք միայն իր մասին, իր զգացողությունների, դպրոցի կամ մանկապարտեզի մասին, ինչ ուրախ պահեր է ապրել, ինչ տխուր զգացողություններ է ունեցել: Ինչ է ցանկանում առհասարակ, ինչի կարիք ունի, նստեք այգում, գրկեք ձեր երեխային: Միգուցե դա տևի կես ժամ, սակայն, հավատացեք, այն երեխային կպարգևի երանության, սեփական անձի կարևորման և ինքնագնահատականի կայուն ձևավորման մեծ հիմք: Նա արդեն տուն կվերադառնա հասուն և պատրաստ կլինի օգնել իր կրտսեր եղբորը կամ քրոջն ամեն հարցում:
4.Հիշեք, որ առաջնեկն անվճար դայակ չէ փոքրիկի համար, և ոչ երբեք՝ տնային տնտեսուհի: Որպեսզի երեխան սովորի որոշակի կենցաղային գործերում օգնել և հոգ տանել կրտսերին, ապա դա պետք է անել աստիճանաբար, խաղի միջոցով, որպեսզի դա հաճույք պատճառի և հետաքրքրություն հաղորդի: Երկու երեխաներն էլ կշահեն նման գրագետ մոտեցումից, քանի որ փոքրիկի մոտ կձևավորվի պաշտպանվածության և վստահության զգացողություն, իսկ ավագը կզգա հպարտություն: Ավագ երեխան կզգա, որ կա իր կարիքը, ինչն իրեն կտա հավատ սեփական ուժերի նկատմամբ, իսկ ծնողների վստահությունը կխթանի պատասխանատվության ձևավորմանը:
5.Ավագ երեխային թույլ չտաք ժամանակից շուտ հոգեբանորեն մեծանալ: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի անցնել մանկությանը հատուկ բոլոր փուլերը՝ խաղային և անհոգ մտքերի ուղեկցությամբ: Մի ծանրաբեռնեք առաջնեկին ավելորդ պատասխանատվությամբ և պահանջներով, որը դուք ինքներդ չեք հասցնում անել:
6.Ամենակարևորը, յուրաքանչյուր գործողություն իրականացրեք երկու երեխաների համագործակցության սկզբունքով: Դարձրեք նրանց մի ամբողջություն՝ կարևորելով յուրաքանչյուրի անհատականությունը: