Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը:
Ուստի լողավազանն օգնում է մարդկանց հոգեֆիզիկական վիճակն ամրապնդելուն: Բացի այդ, լողը բարձրացնում է տրամադրությունն ու հանգստացնում նյարդային համակարգը:
Սիրտը`
սրտամկանի առողջությունը, շատ բանով կախված է նրանից, թե որքան է այն մարզվում ու հագենում թթվածնով: Ու գերբեռնվածությունից խուսափելու համար պետք է սիրտը տոնուսի մեջ պահել:
Դա ոչ միայն ամրապնդում է սիրտը, այլև նվազեցնում ինֆարկտի վտանգը: Լողը բարելավում է դեպի սիրտ արյան հոսքն ու ելքը, ինչը խիստ թեթևացնում է նրա աշխատանքը:Նույնիսկ սրտի վիրահատությունից հետո է խորհուրդ տրվում լողով զբաղվել, որպես վերականգնողական միջոց:
Սրտաբանները կարծում են, որ լողը սրտամկանի համար չափավոր բեռնվածություն է ապահովում:Կանոնավոր լողով զբաղվելու դեպքում շնչառական համակարգի աշխատանքը նույնպես կբարելավվի:Ջրում ճիշտ շնչառության դեպքում թթվածինը հասնում է թոքերի բոլոր հատվածները:Դրա շնորհիվ թոքերում կանխվում են կանգային գործընթացները:
Շնչառական համակարգը լողի ժամանակ առավելագույն է ծանրաբեռնվում, ու կրկնապատկվում է կենսատարողությունը, ընդ որում, վերականգնվում են շնչառական խաթարված ֆունկցիաները:
Լողի ժամանակ հիպերօդափոխություն է կատարվում թոքերում, մկանները դառնում է առավել առաձգական, իսկ տարբեր կպումները ներծծվում են: Բացի այդ, թոքերի շարժունակությունը կանխում է թոքերի պատերին մանրէների նստեցումը:
Նյարդային համակարգ
Ջրում պարապմունքներն օգնու են հաղթահարելու դեպրեսիան: Բարելավվում է նյարդային համակարգի աշխատանքը:
Հանդարտեցնում ու բարերր էմոցիոնալ ֆոն է ստեղծում, հավասարակշռում է գրգռման ու արգելակման գործընթացները, ինչը նշանակում է, որ նյարդային ու գրգռված մարդուն լողը հանգստացնում է, իսկ թույլին` աշխուժացնում:
Լողով պարապմունքն բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը, օգնում է պայքարել անքնության, մրսածական հիվանդությունների դեմ:
Սովորաբար, այդ հիվանդությունների առկայության պարագայում մասնագետներն առաջարկում են կոփվել, ինչը ենթադրում է օրգանիզմը սովորեցնել հարմարվելու տարբեր ջերմաստիճանային պայմաններին:
Այդ խնդիրը լուծելուն հրաշալի օգնում են լողավազանային մարզումները: Հանվելիս, ցնցուղի տակ լվացվելիս, ջուրը մտնելիս ու դուրս գալիս և կրկին ցնցուղի տակ մտնելիս օրգանիզմը ենթարկվում է տարբեր ջերմաստիճանային պայմանների:
Հենաշարժողական համակարգ
Հենաշարժողական համակարգի խնդիր ունեցող մարդիկ նույնպես կարող են ջրային միջոցառումներով թեթևացնել և բուժել վիճակը:
Բայց պետք է հիշել, որ ծանր դեպքերում լողը հակացուցված է:
Երբեմն լողավազանն օգնում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր ինքնուրույն չեն կարողանում քայլել, սակայն ջուրը մտնելով` այնպես են լողում, որ թվում է, թե ջրից դուրս մեկ ուրիշն էր:
Ջուրը փաստացի թուլացնում է բոլոր մկանները, ազատում ցավից, մոռացուցյան տալիս տանջանքն ու ցավը:
Ու եթե մյուս ֆիզիկական շարժումներն ու ծանրաբեռնվածությունը ցավ են պատճառում ու կարող են վնասել, ապա լողը, հակառակը, զգուշությամբ ու մեղմորեն ձգում է մկաններն ու բացում կարծրացած հոդերը:
Սակայն, լողավազան հաճախելուց առաջ հարկ է մասնագետի հետ խորհրդակցել:
Լողավազան հաճախելու ճիշտ ձևը
Ինչպե՞ս կարելի է ձիգ ու աշխույժ լինել: Ինչպե՞ս կարելի է հաճույք ստանալ կոփվելուց:
Պպատասխանը շատ պարզ է` լողավազան հաճախելով:
Լողավազան հաճախող մարդիկ հազվադեպ են հիվանդանում մրսելու հետևանքով առաջացող հիվանդություններով:
Անկասկած, լողավազանային մարզումներն ամրապնդում են իմունիտետը:
Քլորը վտանգավոր չէ՞
Լողավազանի ջուրն ընդունված է վարակազերծել քլորացմամբ, օզոնացմամբ ու ֆտորացմամբ, երբեմն կիրառվում են ուլտրաձայնային և ուլտրամանուշակագույն մշակման եղանակները` պղնձի ու արծաթի իոնների կիրառմամբ:
Զանազան քիմիական խառնուրդներ կան, որոնք ախտահանող ազդեցություն են ունենում, սակայն դրանք չափազանց թանկ են, ուստի ստացվում է, որ քլորացումից բացի, մյուս բոլոր միջոցներն այնքան էլ հարմար չեն:
Քլորը, ջրի մեջ հայտնվելով, առաջացնում է թթուներ, որոնք բարենպաստ չեն մաշկի ու լորձաթաղանթի համար:
Բոլոր նյութերը, որոնք գոյանում են ջուրը մշակելու ընթացքում, ընդհանուր առմամբ, գրգռում են մաշկը, ու կարող են ալերգեն լինել:
Այնուամենայնիվ քլորը մինչ օրս ամենատարածված ախտահանող միջոցն է:
Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել քլորացված ջրի ազդեցությունից:
Լողից առաջ կանանց խորհուրդ է տրվում կոսմետիկ միջոցները լվանալ, հեռացնել, քանի որ քլորն ու դրա միացություններ, ինքնին, ալերգածին են, իսկ դիմահարդարման միջոցների հետ այդ հատկություններն է՛լ ավելի կուժգնանան:
Կարելի է լողավազան մտնելուց առաջ հատուկ պաշտպանական քսուկներ կիրառել, որոնք թաղանթի նման կպաշտպանեն վնասակար նյութերի ազդեցությունից:Հատուկ ակնոցը սուզալողի ժամանակ քլորի ազդեցությունից պաշտպանում է աչքերը:
Քլորացված ջուրն ալերգիկ կոնյուկտիվիտի պատճառ կարող է դառնալ, որն ուղեկցվում է բնորոշ քորով, այրոցի զգացումով, արցունքոտությամբ, կոպերի այտուցով ու այլ տհաճ զգացումներով:Բնականաբար, նման դեպքերում աշխատունակությունը խիստ նվազում է: Ալերգիկ կոնյուկտիվիտի բուժման անհրաժեշտ պայման է ալերգածին նյութի լիովին բացառումը:
Այս դեպքում հարկ է լողավազան չհաճախել:Լողավազան հաճախելու դեպքում ցանկալի է հատուկ լողագլխարկ դնել:
Ի դեպ, մասնագիտացված լողորդները բացառապես սիլիկոնե գլխարկ են դնում: Որակյալ աքսեսուարները էժան չեն, սակայն այնքան կիպ են նստում, որ բացառում են ջրի շփումը մազերի հետ:Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում մազերի խնամքի պարագաներ կիրառել` դրանց կառուցվածքը վերականգնելու համար:
Խորհուրդ է տրվում նախքան լողավազան մտնելն ու դուրս գալուց հետո ինտիմ կոսմետիկ գելեր ու ցողացիրներ կիրառել` անհրաժեշտ հակասեպտիկ պաշտպանություն ու լորձաթաղանթների խոնավություն ապահովելու նպատակով:Անմիջապես լողավազանում սեռավարակներով վարակվելը գործնականում բացառվում է անձնական հիգիենայի կանոնները պահպանելու դեպքում:
Ավելին, քլորացված ջրում ոչնչանում են բոլոր մանրէները: Ըստ մասնագետների վարակման համար լորձաթաղանթի տրորման «էֆեկտ» պետք է լինի, ընդ որում ախտածին մանրէի խտությունը պետք է մեծ լինի, ինչը նույնպես քլորացված ջրում գրեթե բացառվում է:
Ինտիմ առողջություն.
սա հաճախ բարձրացվող թեմա է բժշկական գրականության մեջ:
Սովորական պայմաններում (առողջ օրգանիզմում) նորմալ միկրոֆլորա է տիրում, մանրէների մի խումբ կա, որի գործունեությունն ապահովում է ինտիմ առողջությունը:
Նորմալ միկրոֆլորան 90% լակտոբակտերիաների և 10%-ից պակաս բիֆիդոբակտերիաների ու ստաֆիլակոկերի, գարդներելների, կանդիդա սնկերի, ստրեպտոկոկերի, միկոպլազմայի ու ուրեապլազմայի ամբողջությունն է:
Իմունային համակարգը
վարակի հարուցիչների դեպքում ագրեսիվ է գործում` կենսաբանորեն ակտիվ տարբեր նյութեր արտադրելով, որոնք պահպանում են հավասարակշռություն:
Այդ հավասարակշռության խախտումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով:
Օրինակ` օրգանիզմի սառեցումը, հղիությամբ ու ծննդաբերությամբ պայմանավորված հորմոնալ ֆոնը, տարիքային փոփոխությունները, սթրեսային իրավիճակները, սխալ ինտիմ խնամքը, վարակի հարուցիչները, դեղորայքային երկարատև բուժումը, միկրոֆլորայի հավասարակշռության խախտումը, որոնք նաև հակաբիոտիկների կիրառման հետևանք են:Մինչև վերջերս բժիշկները խորհուրդ էին տալիս ինտիմ պաշտպանության համար լողավազան հաճախելիս մանրէասպան նյութերով տոգորված միջադիրներ կիրառել, սակայն այդ միջոցներն, ինքնին, արդեն հեշտոցի հավասարակշռության խախտման են հանգեցնում, ուստի նման պաշտանությունը հազվադեպ է առաջարկվում:
Ընդ որում, միջադիրները կարող են սխալ կիրառման դեպքում նպաստել ախտածին մանրէների բազմացմանը:Եվ, վերջապես, կանանց խորհուրդ չի տրվում դաշտանային ցիկլի ժամանակ լողավազան գնալ, քանի որ իմունիտետը հատկապես այդ ժամանակ թուլացած է, ու բորբոքական գործընթացի հավանականությունը` շատ մեծ:
Լողավազանից հետո հարկ է կիրառել դեմքի ու մարմնի խնամքի միջոցներ, որոնք կվերականգնեն մաշկի վերին հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը:Այն ապահովում է մաշկի խոնավությունը, որի բացակայությունը հանգեցնում է խոնավության կորստի:
Սթրեսի մասին
Սթրեսը հաճախ է նույնացվում բացասական երևույթի հետ: Սակայն լողավազան հաճախելն օրգանիզմի համար սթրես է:Թեթև «ֆիզիոլոգիական» սթրես են տարատեսակ ջրային միջոցառումները` լողավազանում ֆիզիկական մարզումները, շոգեբաղնիքն ու բաղնիքը, ջրային մերսումը, տաք-սառը ցնցուղը:Ֆիզիոլոգիական նշանակում է բնական գործընթաց, որի ժամանակ տեղի է ունենում կենսաբանական ակտիվ նյութերի արտադրություն, օրինակ` հորմոնների, որոնց օգնությամբ օրգանիզմը հարմարվում է շրջապատող միջավայրի պայմանների փոփոխություններին:
Տվյալ սթրեսը շատ օգտակար է օրգանիզմին: Այդ ժամանակ օրգանիզմն աշխուժանում է, իսկ իմունային համակարգը «մտապահում» է այդ վիճակը: