Positive-ը մի պատմություն է ներկայացնում այսօր, որը կարող է ցանկացածիս հետ պատահել: Ինչպե՞ս կվարվեիք դուք, ի՞նչ կանեիք՝ հայտնվելով նման իրավիճակում:
Սոնյայի հետ մենք դեռ ուսանողական տարիներից էինք ընկերություն անում: Միշտ անբաժան ընկերուհիներ էինք:
Ավելի ուշ, իհարկե, սկսվեց հասուն կյանքը: Ես ամուսնացա, ծնվեց աղջիկս: Ինձանից մի քիչ ավելի շուտ Սոնյան հասցրեց ամուսնանալ և շուտով բաժանվել:
Նա էլ իր միակ որդուն էր մեծացնում՝ Կոստյային, որը մի քիչ մեծ էր իմ Յուլյայից: Մենք Սոնյայի հետ շարունակում էինք շփվել, հաճախ էինք հյուր գնում միմյանց: Երեխաներն էլ շատ արագ մտերմացան:
Անցան տարիներ, երեխաները մեծացան: Մի անգամ, երբ Յուլյան արդեն երկրորդ կուրսում էր սովորում, զգացի, որ կարծես ցրված և երազկոտ դարձած լիներ:
Մի՞թե սիրահարվել է՝ անմիջապես մտածեցի ես: Մենք միշտ կիսվում էինք իրար հետ, այնպես որ առանց երկար հարց ու փորձի էլ աղջիկս ամեն բան ինքը պատմեց: Պարզվեց, արդեն 3 շաբաթ էր, ինչ նա հանդիպում էր Կոստյայի հետ: Փաստորեն մանկական ընկերությունը սիրո էր վերածվել:
Երեկոյան այս մասին գաղտնի պատմեցի ամուսնուս: Վիկտորը չգիտես թե ինչու միանգամից բռնկվեց և ասաց, որ դա պետք է շտապ դադարեցնել, պատճառաբանելով, թե Յուլյան դեռ շատ փոքր է դրա համար: Բայց նա կարծես թե մոռացել էր, որ այդ տարիքում ես արդեն երեխա ունեի:
Ճիշտ է, հեշտ չէր, բայց ամեն դեպքում, գլուխ հանում էի: Իսկ Վիկտորը շարունակում էր բորբոքվել, հետո լռեց և մտածմունքների մեջ ընկավ:
Հաջորդ օրը զանգահարեց Սոնյան և ասեց, որ կարևոր խոսակցություն կա: Դե, մի խոսքով, պարզվեց, որ իրականում Կոստյան ամուսնուս տղան էր:
Նա և Սոնյան կարճատև կապ էին ունեցել՝ դեռ նախքան մեր ամուսնանալը: Այդ պատճառով էլ Սոնյայի ամուսինը բաժանվել էր, իմանալով, որ կինն ուրիշից է հղի: Վիկտորը երդվում և վստահեցնում էր, որ միայն ինձ է սիրում, որ իրենք հատուկ էին ամեն բան թաքցրել, որպեսզի ինձ ցավ չպատճառեին: Սոնյան պարզապես լուռ արտասվում էր:
Յուլյային հայրն այս ամենը պատմեց առանց իմ ներկայության, և հիմա նա հորը տեսնել անգամ չի ցանկանում: Իսկ ես չգիտեմ, թե ինչ անեմ, ստացվում է, որ այս տարիների ընթացքում ես ստի ու կեղծիքի մեջ եմ ապրել:
Թվում է, թե իրավիճակից ելք չկա: Որոշեցի պատմել իմ պատմությունը, միգուցե օգնե՞ք խորհրդով: