Սկեսուրիս հետ երբեք լավ հարաբերություններ չենք ունեցել, չգիտես ինչու՝ նա ինձ միշտ համարել է տգետ, տգեղ ու անտաղանդ: Ի դեպ, նա ինքն է ինձ ասել այդ մասին: Բայց դե նրա ինչ գործ, չէ որ ես իր հետ չեմ ամուսնացել:Սկզբում, երբ նոր էինք ամուսնացել, սկեսուրիս հետ էինք ապրում: Հենց առաջին օրվանից նա սկսեց ճնշել ինձ, ամեն կերպ ցուցադրել, թե ով է տան տիրուհին:
Նա միջամտում էր ամեն հարցին, անգամ երբ շպարվում էի, ինձ ցուցումներ էր տալիս, ասես առաջատար դիմահարդարներից մեկն է:Երբ ունեցա որդուս, իրադրությունը չփոխվեց, ավելին, օգնության փոխարեն սկեսուրիցս սկսեցի խրատներ ու նկատողություններ ստանալ, ու որպեսզի չընկնեմ ծայրահեղ նյարդայն վիճակի մեջ, ստիպված գնացի ծնողներիս տուն:
Երբ ամուսինս հասկացավ, որ վճռական եմ տրամադրված ու էլ չեմ ապրելու իր մոր հետ, մեզ համար 1-սենյականոց բնակարան վարձեց: Վերջապես մեր հարաբերությունները ու մեր տան անդորրը վերականգնվեցին:
Բայց դեռ 15 օր էլ հանգիստ չէինք ապրել, երբ այդ կինը որոշեց մեզ հյուր գալ: Նա գալիս էր շաբաթական 4-5 անգամ, ոստիկանի պես քայլում տնով մեկ, ստուգում բոլոր անկյունները, դարակները: Հետո ստուգում էր կոմունալների կտրոնները ու ակնարկում, որ երևի շատ երկար եմ լողանում:
Բայց ինձ համար ամենացավալին այն էր, որ նա գրեթե ուշադրություն չէր դարձնում հարազատ թոռանը: Երբեք գալուց գոնե հարյուր դրամանոց պաղպաղակ կամ կոնֆետ չէր բերում, չէր գրկում թոռանը:Ու զգացի, որ համբերությունս վերջանում է. օրեր առաջ լուրջ խոսեցի ամուսնուս հետ, ասացի, որ եթե ինքը չասի մորը, որ այլևս չգա մեր տուն՝ հատկապես ստուգումներ իրականացնելու, ես այլևս նրա առաջ դուռը չեմ բացի: Թող 1 ժամ թակի ու գնա…