Գյուղ էի գնացել՝ տատիկիս ու պապիկիս տեսնելու…հանկարծ լսվեց գյուղի երկու աղջիկների ձայներ՝ տատիկիս էին կանչում

Գյուղ էի գնացել՝ տեսակցելու միայնակ ապրող տատիկիս ու պապիկիս։ Ու ամեն անգամ, երբ այցելում եմ նրանց, հոգիս տակնուվրա է լինում, կկարողանա՞մ արդյոք նորից այդ գյուղ գնալ, երբ նրանք այլևս չլինեն․․․

Տխուր մտքեր էին այցելել ինձ, մտածմունքների մեջ էի, երբ հանկարծ տատս հարցրեց․
—Հինչա իլալ, բալաս, խե ես տխուր․․․

Արցունքներս կուլ տալով, նայեցի ծերությունից մի բուռ դարձած տատիս ու պապիս, փորձում էի պատասխան գտնել, հանկարծ լսվեց գյուղի երկու աղջիկների ձայներ․․․տատիկիս էին կանչում։

Կլինեին 13-14 տարեկան, ամենքի ձեռքին տոպրակ կար։Դուրս եկա, հարցրեցի ինչ են ուզում, խնդրեցին տատիկիս կանչել։

Տատս եկավ․

—Ջանիդ մատաղ, կանչա՞լ եք
—Հաա տատի, մաման ծեզ հետի տաք ճաշա ղարկալ։

Այդ խոսքերից էնքան ջերմություն զգացի, այդ գյուղական մաքրությունը, պարզությունը․․․ու ինչքան ճիշտ են դաստիարակում իրենց երեխաներին՝ հարգանք, հոգատարություն մեծերի հանդեպ։

Քաղաքում դա չկա, կամ գուցե ես չեմ հանդիպել․․․բոլոր վատ մտքերս ցրվեցին, հոգիս ջերմացավ․․․Տատս վերցրեց տոպրակները, խնդրելով 1 րոպե սպասել։

Վերադարձավ, ձեռքին 2000 դրամ, ամենքին 1000 դրամ տվեց, բայց աղջիկները մերժեցին․
—Չէ, տատի, մենք հո տրա հետի չենք եկալ։

Տատս համառեց, վերջում էլ ամենքի թուշը համբուրեց ու ճամփու դրեց։Ուզում եմ, որ բոլորն էլ իրենց երեխաներին դաստիարակեն ճիշտ այսպես, որ մաքրությունն ու պարզությունը մեզանից չպակասի։ Սիրենք, հարգենք ու արժևորենք մեծերի ներկայությունը մեր կողքին, նրանք այնքան սիրո կարիք ունեն․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *