Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ ու լսել ձեր խորհուրդները, քանի որ արդեն մի քանի ամիս է չեմ կարողանում հանգիստ ապրել ու անվերջ փնտրում եմ հարցիս պատասխանը։Ամուսինս 33 տարեկան է, ու մոտ 1 տարի առաջ մեր ընտանիք շատ մեծ դժբախտություն եկավ։
Ավտովթարի հետևանքով ամուսինս դարձավ հաշմանդամ ու հիմա գամված է անվասայլակին։ Ես 27 տարեկան եմ, երեխաս էլ՝ 3։
Արդեն շուրջ 1 տարի է, փորձում եմ ընդունել այն փաստը, որ այսուհետ միշտ այսպես է լինելու, բայց չեմ կարողանում։
Ամեն գիշեր որոշում եմ, որ առավոտյան ամուսնուս ասելու եմ բաժանվելու որոշմանս մասին, բայց առավոտյան համարձակությունս չի հերիքում, վախենում եմ ցավեցնել նրան։
Անգամ ամենավատ երազում չէի կարող նման բան տեսնել։ Մենք ամուսնացել ենք 5 տարի առաջ, շատ երջանիկ էինք։ Ամուսինս աշխատում էր, ես տան գործերն էի անում, երեխայի խնամքով զբաղվում։ Նա ի սկզբանե ասել էր, որ միշտ ինքն է աշխատելու ու պահելու մեր ընտանիքը։
Իսկ հիմա․․․ մենք ապրում ենք չնչին նպաստով ու մեր ծնողներից ենք մի քիչ օգնություն ստանում։ Գործի դուրս գալ չեմ կարող, երեխաս փոքր է, ամուսնուս էլ չեմ կարող միայնակ թողնել ամբողջ օրը։
Ինձ թվում է, ես շուտով կխելարագարվեմ ապրումների պատճառով։ Ես երիտասարդ կին եմ, բայց ստիպված եմ այս խաչը կրել ուսերիս։Ամուսնուս ոչինչ չեմ ասում, ձևացնում եմ, թե հարմարվել եմ։ Առհասարակ, վթարից հետո մենք շատ քիչ ենք շփվում։
Ես ուղղակի երազում եմ վերցնել որդուս ու հեռանալ տնից։ Թող ծնողները հոգ տանեն նրա մասին․․․ Բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ եթե նման բան անեմ, սարսափելի վատ արարք գործած կլինեմ։
Փորձեք ձեզ պատկերացնել իմ փոխարեն․․․ Ի՞նչ կանեիք․․․