Վստահ եմ, որ շատ-շատերի համար երեխաները կյանքի ամենամեծ երջանկությունն են, իմաստը։ Մարդիկ չեն հասկանում երեխա ունենալ չցանկացող կանանց, խղճում են երեխա չունեցող ընտանիքներին։
Կա նաև կարծիք, որ եթե կինը չի մայրանում, ուրեմն առողջական խնդիրներ ունի։ Հասարակությունը չի հավատում, որ հնարավոր է ինքնակամ հրաժարվել երեխաներ ունենալու հնարավորությունից։
Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ։ Գրում եմ այստեղ, քանի որ չկա իմ կյանքում այնպիսի մեկը, ում հետ կկարողանամ անկեղծ խոսել այս թեմայի շուրջ։
Ունեմ 3 երեխա։ Կարող էի գրել, որ ունենք, բայց ոչ, նրանք միայն իմն են, չնայած նրան, որ երեխաներ ունենալու նախաձեռնությունը հենց ամուսնուս է պատկանում։
Ամուսինս դժգոհ էր, որ իր բոլոր ընկերներն ու կոլեգաները երեխաներ ունեն, իսկ ինքը՝ ոչ, դրա համար էլ մի քանի ամիս շարունակ ինձ օր ու գիշեր համոզում էր, որ պիտի երեխա ունենանք։
Մեկը մյուսի հետևից ծնվեցին աղջիկներս։ Երբ նրանք 3 ու 4 տարեկան էին, ամուսինս որոշելով հետ չմնալ իր ընկերներից՝ սկսեց պնդել, որ մեզ նաև որդի է պետք։
Նա ի սկզբանե խոստացել էր ինձ հետ հավասար զբաղվել երեխաների խնամքով, բայց արդյունքում ես միայնակ եմ կրում 3 երեխաների հոգսը իմ ուսերին։
Հիմա առավոտից գիշեր երեխաների հետ եմ, երբեմն թվում է, որ կխելագարվեմ։
Ամուսնուս բացարձակապես ժամանակ չեմ հատկացնում, նա էլ նեղանում է, երբեմն ակնարկում, որ ուզում է բաժանվել․․․
Այսպես սեփական սկզբունքներիս չհետևելու պատճառով հայտնվել եմ դժվարին իրավիճակում․․․