Մի օր գիշերը չէի կարողանում քնել, ջուր էի ուզում: Մի կերպ ինձ ստիպեցի վեր կենալ, գնալ խոհանոց՝ առանց լույը վառելու, որ ոչ մեկին չարթնացնեմ:
Երբ անցնում էի հյուրասենյակով, ինձ թվաց, որ ինչ-որ մեկի աչքերը նայում են պատուհանի կողմից…Աչքեր…Գիշերը…Հինգերորդ հարկի պատուհանից…
Ներսովս սառը դող անցավ:Երեկոյան սարսափ ֆիլմ էի դիտել, կարծեցի, թե ուղեղս դեռ դրա ազդեցության տակ է: Տրորեցի աչքերս ու գնացի:
Ջուրը խմելուց հետո չէի ուզում նորից հյուրասենյակով անցնել: Զգույշ նայեցի, տեսա, որ ոչ մի աչք էլ չկա: Մտա ներս, երկու քայլ անցնելուց հետո նորից տեսա այդ աչքերը…
Լավ, մտածում եմ գոնե հասնեմ մինչև անկողինս, առավոտյան կհասկանամ այդ ինչ էր: Բայց չդիմացա. աչքերը մյուս պատուհանից նորից նայեցին:
Մոտեցա պատուհանին. ինձ թվում էր, որ ես այդ աչքերն էլի եմ տեսել ինչ-որ տեղ:Հետաքրքրասիրությունս տանջեց ինձ: Վարագույրը մի կողմ տարա, միացրեցի հետախոսիս լույսը և տեսա, որ դա…բու էր: Սովորական բու: Բու, որ ապրում էր մեր շենքի դիմացի բարդենու վրա: