Շատ եմ զղջում, որ ժամանակին չեմ գնացել սովորելու, այլ դպրոցից հետո միանգամից աշխատանքի ընդունվեցի:
Ծնողներս համոզում էին, բայց ընկերուհուս մայրը տոնավաճառում հագուստի կետ էր բացել, ինձ առաջարկեց այնտեղ աշխատել և լավ վճարել դրա դիմաց: Նա իր խոստումը պահեց, բայց ժամանակավոր աշխատանքս տևեց 18 տարի:
Ես հոգնեցի, փչացրեցի առողջությունս, մեր վաճառքի կետում ամռանը շոգ է, օդ չկա, իսկ ձմռանը՝ ցուրտ: Որոշեցի դուրս գալ տոնավաճառից, սուպերմարկետում աշխատանք գտնել, բայց ամուսինս դեմ եղավ, ասաց, որ այդ գումարով չենք կարողանա ապրել:
Եվ դա այն դեպքում, երբ նա որպես պահակ է աշխատում գրասենյակում, 2 օր տանն է, 1 օր՝ աշխատանքի, շատ քիչ գումար է վաստակում, բայց չի ձգտում ավելիին:
Ազատ օրերին հանգստանում է, գնում է գյուղ՝ ծնողների մոտ: Իսկ ես գալիս եմ երեկոյան՝ հոգնած ու տանջված, և բոլորը սպասում են, թե երբ եմ ընթրիքը պատրաստելու:
Սնունդով ծանր տոպրակները նույնպես ես եմ մի կերպ հասցնում տուն, քանի որ հիմնականում ամեն ինչ գնում եմ շուկայից:
Երբ ասում եմ, որ օգնի, վեճ է սկսվում, ասում է նրա համար չի ամուսնացել, որ գազօջախի մոտ կանգնի կամ փոշեկուլը ձեռքին վազվզի տնով նեկ: Դրա համար ինքը կին ունի:
Աղջիկս նույնպես տխրել է, մյուս տարի պիտի ընդունվի, գումար է պետք, բացի այդ էլ իր համար էժան գնով հագուստ եմ բերում, տնօրենս թույլ է տալիս:
Նրանց համար շատ լավ է, իսկ ես այլևս չեմ կարող իմ ուսերին կրել ամբողջ ընտանիքի բեռը: Ծնողներս նախատում են, որ իրենց չլսեցի, հիմա կարող էի աշխատել գրասենյակում՝ մաքուր և տաք վայրում, բայց ժամանակն այլևս հետ չենք կարող տալ:
Որոշել եմ հեռանալ տոնավաճառի աշխատանքից, բայց հասկանում եմ, որ այդ դեպքում կդառնամ դստերս և ամուսնուս թշնամին: Չգիտեմ, ինչպես իրենց ասեմ որոշմանս մասին: