Թափառող նյարդն ամենակարևոր նյարդն է, որի գոյության մասին դուք հավանաբար չգիտեք։ Այն նաև մեր օրգանիզմի ամենաերկար և ամենաբարդ նյարդն է։ Այն շատ կարևոր դեր է խաղում մարմնի և գիտակցության միջև կապ ստեղծելու գործընթացում։Թափառող նյարդի աշխատանքը կարգավորելով դուք ոչ միայն ֆիզիկապես ավելի առողջ կդառնաք, այլ նաև ձեզ ավելի երջանիկ կզգաք ու կհաղթահարեք սթրեսը։
Գիտե՞ք, որ այն ամենը, ինչը տեղի է ունենում ուղեղում, ազդում է նաև ստամոքսի վրա։ Գիտնականները պարզել են, որ այս կապը երկկողմանի է, և այն ամենը, ինչը տեղի է ունենում փորում ազդում է նաև ուղեղի աշխատանքի վրա։
Իսկ ահա ներքին օրգանների և ուղեղի միջև շփումը տեղի է ունենում թափառող նյարդի միջոցով։
Ի՞նչ է թափառող նյարդը։
«Թափառող նյարդ» անվանումն առաջացել է լատիներեն vagus nervus անվանումից։ Այս նյարդն ունի բազում ճյուղավորումներ և տարածվում է ամբողջ մարմնով մեկ։Թափառող նյարդը 12 գանգ-ուղեղային նյարդերից ամենաերկարն է։ Այն ուղեղից ձգվում է մինչև մարսողական համակարգ և օրգաններին ազդանշաններ է հաղորդում։ Այն նաև ճյուղավորվում է պարանոցի, ականջի և լեզվի հատվածներում։
Թափառող նյարդը գործի է դնում մեր պարասիմպատիկ նյարդային համակարգը և ղեկավարում է օրգանիզմի անգիտակից գործողությունները՝ սկսած սրտի ռիթմից մինչև մարսողություն, շնչառություն և քրտնարտադրություն։
Բացի այդ՝ այն կարգավորում է նաև․
- Զարկերակային ճնշումը,
- Արյան մեջ գլյուկոզայի քանակը,
- Երիկամների ֆունկցիաները,
- Ղեկավարում է համը և արտադրում է արցունք։
Այլ կերպ ասած՝ թափառող նյարդը շատ մեծ դերակատարում ունի օրգանիզմի ընդհանուր առողջության պահպանման գործընթացում, և այն սերտորեն կապված է մեր օրգանիզմի ամենագլխավոր օրգանների և համակարգերի հետ։Էմոցիաների մշակումն ու ղեկավարումը նույնպես տեղի է ունենում թափառող նյարդի միջոցով։
Թափառող նյարդը կարող է վնասվել ալկոհոլիզմի, դիաբետի, վիրահատության ժամանակ նյարդի վնասվածքի դեպքում։Սթրեսը գրգռում է նյարդը։ Անգամ վատ կեցվածքը կարող է բացասաբար ազդել թափառող նյարդի առողջության վրա։